Հանրապետականների ներքին խոհանոցն է՝ կանսա՞ն Սերժ Սարգսյանի՝ ԱԺ աշխատանքներից չբացակայելու հորդորին, թե ոչ, պարզապես, երբ ՀՀԿ-ն ցուցակ է կազմում, այդ ժամանակ պետք է մտածի այդ մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: «Խնդիրը այստեղ մականունավորները չեն, խնդիրը այն չէ, որ այնտեղ մարդիկ կան, որ անգամ իրենց անունը գրել չգիտեն, խնդիրը այն է, որ այդ մարդիկ ունեն գործ, լուրջ բիզնեսներ, եւ նրանց դարձնելով պատգամավոր՝ պետք է իմանալ, որ նրանք, միեւնույն է, չեն գալու: Այդ ժամանակ է պետք մտածել, դա նոր բան չէ: Մոտ 20 տարի է՝ այյդ վիճակն է ԱԺ-ում, նո՞ր են հիշել այդ մասին: Ես միշտ կողմնակից եմ «լավ է ուշ, քան երբեք»-ին, որովհետեւ երբեք սխալը ուղղելը ուշ չէ, գոնե այսուհետ հասկանան, որ այդ կարգի մարդկանց պետք չի ուղարկել ԱԺ, որ խորհրդարանը զվարճանալու տեղ չէ, ոչ էլ բիզնեսմենների ակումբ»,-ասաց քաղտեխնոլոգը:
Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝ բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է:





























