Դպրոցներում 1-4-րդ դասարանի բոլոր աշակերտների համար դասագրքերն անվճար են, 5-ից 9-րդ դասարանների  դասագրքերը՝ վճարովի: Այս մասին նշվել է այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունն օգոստոսի 19-ից սկսել է 2014-2015 ուստարվա համար նախատեսված դասագրքերի բաշխում: Մինչեւ օգոստոսի 30-ը, ըստ նախօրոք կազմված ժամանակացույցի, բոլոր դպրոցներն ապահովվել են դասագրքերով: Դպրոցներում 1-4-րդ դասարանի բոլոր աշակերտները, «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, դասագրքերը ստանում են անվճար: Բացառություն են կազմում միայն խորացված ռուսաց լեզվի ուսուցմամբ դպրոցների աշակերտների  ռուսաց լեզվի դասագրքերը: ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը վերոնշյալ դասագրքերն այս տարի անվճար է տրամադրել: Համաձայն ՀՀ ԿԳ նախարարության համապատասխան կարգադրության՝ 5-ից 9-րդ դասարանների  դասագրքերը վճարովի են: Վարձավճարների ցանկը տեղադրված է  ՀՀ ԿԳ նախարարության կայքում: