Երեւանում եզրաքարերի փոխարինման աշխատանքների նախատեսված 56 հազար գծամետրից 37 հազարն արդեն տեղադրվել է: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում կայացած հերթական խորհրդակցության ժամանակ:
Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են կրթական եւ մշակութային հաստատությունների նորոգման աշխատանքները: 12 գրադարաններից 9-ում աշխատանքներն ավարտվել են: Նորոգման աշխատանքներն ավարտված են նաեւ 15 մանկապարտեզներում: Այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ժամկետների առումով որոշակի խախտումներ են թույլ տվել, հանձնարարվել է օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան քայլեր ձեռնարկել:
Զեկուցվել է, որ հարթ տանիքների նորոգման աշխատանքներ են իրականացվում 475 շենքերում, ընդ որում, 18-ում՝ հիմնանորոգման: Թեք տանիքներ ունեցող 538 շենքերից 7-ում նույնպես հիմնանորոգման աշխատանքներ են: Զեկուցվել է նաեւ, որ աշխատանքների ընթացքին տեղում հետեւում, մասնակցում եւ գնահատում են վերին հարկաբաժինների բնակիչները:





























