Հանրապետական պատգամավորները հնարավոր է լսեն կուսակցության ղեկավարի հանձնարարությունը եւ մասնակցեն ԱԺ նիստերին, բայց դա չի լինի հավասար ոչ իշխանական ուժերի մասնակցությանը, քանի որ վերջիններիս նպատակն օրենսդրական գործունեությունն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

«Նրանք կգան ուղղակի իրենց տեղերը զբաղեցնելու, հրամանով կոճակ սեղմելու համար: Դա հարցի մի կողմն է, մյուսն այն է, որ մեր օրերում պատգամավորին դնում են պարտադրանքի տակ, որ նա ուղղակի գնա եւ մասնակցի ԱԺ նիստերին: Դա ծաղրանք է Ազգային ժողով  ինստիտուտի հանդեպ, որովհետեւ պատգամավորը պարտավոր է, դա իր աշխատանքն է, հարկատուների հարկերից ստացված աշխատավարձով իբր օրենսդրական գործունեություն է իրականցնում: Իբր եմ ասում, որովհետեւ վերջին տարիներին պատգամավորները զբաղված են իրենց բիզնեսների տանիքների խնդիրը լուծելով, օրենսդրական աշխատանքներ չեն իրականցնում, թեեւ դա իրենց պարտքն է: Պատգամավորը պարտավոր է լինել ԱԺ-ում, օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, քաղաքակիրթ բանավեճերի մեջ մտնել, օրենքի շուրջ տարաձայնությունները հիմնավորել, կոճակը ճիշտ սեղմել: Բայց վերջին տարիների ընթացքում մեր պատգամավորները զբաղված են միայն արտասահմանյան ուղեւորություններով, կերուխումերով, հարսանիքներով եւ երբեմն պարտադրաբար ԱԺ գալու աշխատանքով, եթե հրամանով ցուցում է տրվում»,-ասաց ՀԱԿ անդամը:

Զոյա Թադեւոսյանը շեշտեց, որ Սերժ Սարգսյանի այս կոչով արձանագրվում է, որ

ՀՀ-ում մեծամասնություն կազմող պատգամավորները սպասում են, թե իրենց ինչպես կուղղորդեն, նրանք չունեն սեփական նախաձեռնություն:

Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝  բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է: