Ամերիկյան սենատոր Մարկ Քըրքը 5 հարց է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ջոն Բասսին, որպեսզի պարզի հայերին վերաբերող հարցերի առնչությամբ Վաշինգտոնի դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Քըրքը, մասնավորապես, հարց է ուղղել Հայոց ցեղասպանության, ինչպես նաեւ Թուրքիայի քրիստոնեական եկեղեցիների եւ կրոնական համայնքների գույքի վերադարձի վերաբերյալ:

Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել սենատոր Քըրքին: «Մենք անպայման կներկայացնենք Սենատորի հարցումների արդյունքները»,- հայտարարել է Համբարյանը:

Նշենք, որ Սենատն ամառային արձակուրդների ընդմիջումից հետո լսումները վերսկսելու է սեպտեմբերի 8-ին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի հայերը Թուրքիայում այդ երկրի դեսպանի պաշտոնում Ջոն Բասսի թեկնածությանը դեմ են արտահայտվել Կոնգրեսում նրա ելույթների պատճառով, որոնք, ամերիկահայերի համոզմամբ, նախագահ Բարաք Օբամայի խոստումը չկատարելու եւ Թուրքիայի՝ ԱՄՆ-ի հանդեպ «բերանը փակելու» քաղաքականության ամրապնդման մաս են կազմում: