Սերժ Սարգսյանի՝ Ազգային ժողովի աշխատանքներից չբացակայելու հորդորը ցույց է տալիս, որ Հանրապետական կուսակցությունը կարեւոր եւ բարդ խնդիր ունի լուծելու՝ կապված քվորումի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ արտահերթ նստաշրջանի ժամանակ ՀՀԿ-ն մի քանի օրենք կեղծարարությամբ անցկացրեց, որովհետեւ քվորում չուներ, որոշներն անգամ չանցան քվորում չլինելու պատճառով, այսինքն՝ մի քանի հոգու բացակայությունը քվորումի խնդիր է առաջացնելու:

«Սերժ Սարգսյանի ասածից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ի համար պատգամավորի կարեւորագույն ֆունկցիան քվեարկությունն է՝ կոճակ սեմելը, մինչդեռ պատգամավորի հիմնական գործը քաղաքական առաջարկներ ներկայացնելը, քաղաքացիների շահերը պաշտպանելը: Խոսք չի գնում ակտիվ, նախաձեռնողական պատգամավորական գործունեոեւթյան մասին, քաղաքացիների հետ հանդիպումներ ունենալը, առաջարկներ ներկայացնել, հարցեր տալ, նախաձեռնություններով հանդես գալ, այլ խոսքը ընդամենը քվեարկության մասին է, ցավում եմ, որ իմ գործընկերների հնարավորությունները իր ելույթով հավասարեցրեց կոճակ սեղմելուն»,-ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Նա չգիտի՞ պատգամավորները կլսեն Սերժ Սարգսյանի հորդորը, թե ոչ: «Ժառանգության» ներկայացուցիչը հույս ունի, որ ՀՀԿ-ի մեջ կան պատգամավորներ, ովքեր ունեն պետական մտածողություն եւ հասկանում են, որ այսպես շարունակվել չի կարող, այլապես նման բացասական ընթացքը տարածվելու է նաեւ իշխանությունների եւ նրանց ներկայացուցիչների վրա:

Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին խորհրդի նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը իր ելույթում, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել է՝  բոլոր գործերը դնել մի կողմ եւ զբաղվել օրենսդրական գործունեությամբ, ԱԺ աշխատանքներից բացակայելը դասալքություն է: