Ամերիկյան հեղինակավոր «New York Times» պարբերականը փաստաթղթեր է հրապարակել, որոնք մանրամասն ներկայացնում են, թե ինչպես է Ադրբեջանը Վաշինգտոնում ազդեցություն գնում:
2012 թվականին Ադրբեջանի կառավարությունը Վաշինգտոնում հասարակայնության հետ կապերով եւ լոբբիստական գործունեությամբ զբաղվող ընկերություն է վարձել՝ ակնհայտորեն նպատակ ունենալով ընդլայնել «ուղեղային կենտրոնների» հետ կապերը, որպեսզի փորձի ազդել ԱՄՆ-ում հասարակական կարծիքի վրա եւ հասկացնի, որ Ադրբեջանն անվտանգության հարցերում կարեւոր գործընկեր է:
Ըստ պարբերականի, Ադրբեջանը պետական նավթային SOCAR ընկերության միջոցով նաեւ գումարներ է նվիրաբերել ազդեցիկ «Atlantic Council» վերլուծական կենտրոնին: Մամուլի կենտրոնը հայտարարել է, որ Ադրբեջանի նվիրատվությունը համարում է ոչ մեծ եւ Վաշինգտոնում կենտրոնի ծրագրերի վրա ոչ մի ազդեցություն չունեցող:
«New York Times»-ը, սակայն, նշում է, որ Վաշինգտոնում գործող մի քանի վերլուծական կենտրոններ վերջին տարիներին կազմակերպել են միջոցառումներ, որոնք կենտրոնացած են եղել այնպիսի թեմաների ուղղությամբ, որոնք առաջ տանելու համար էլ վարձել են ադրբեջանական լոբբիստներին: Դրանց թվում է «Atlantic Council»-ի կազմակերպած միջոցառումը, որի ընթացքում կարեւորվել են «Ադրբեջանի համաձայնեցված ջանքերը՝ որպես ՆԱՏՕ-ի գործընկեր իր նշանակությունը ցույց տալու նպատակով»: Միջոցառման մասնակիցները, այդ թվում՝ Պետքարտուղարության ներկայացուցիչը, բազմիցս գովաբանել են Ադրբեջանին՝ որպես ԱՄՆ-ի համար անվտանգության հարցերով կարեւոր դաշնակից:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ այս տարի Ադրբեջանը վարձել է մեկ այլ լոբբիստական կազմակերպության՝ «Podesta Group»-ին, որը ղեկավարում է Օբամայի վարչակազմի մտերիմ դաշնակից Թոնի Պոդեստան:





























