Նույնիսկ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալուց հետո Եղիսաբեթ 2-րդը կմնա շոտլանդացիների թագուհին: Այս մասին սեպտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Շոտլանդիայի կառավարության ներկայացուցիչը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, նա ասել է, որ Շոտլանդիան Սահմանադրական միապետություն կմնա այնքան ժամանակ, որքան այդ ցանկանա Շոտլանդիայի ժողովուրդը:
Չնայած վերջերս անցկացված սենսացիոն հարցմանը, որը ցույց տվեց, որ Շոտլանդիայի անկախության կողմնակիցներն ավելի շատ են, քան հակառակորդները, շոտլանդացիների մեծ մասը նախկինի պես ցանկանում է մնալ Նորին Մեծության հպատակը:
Անձամբ թագուհու համար, ով պաշտոնապես, Սահմանադրական միապետության ընձեռած կարգավիճակին համապատասխան՝ Շոտլանդիայի անկախության շուրջ չեզոք դիրքորոշմամբ է հանդես գալիս, շրջանի անջատման դեպքում շատ բան չի փոխվի, չնայած 17-րդ դարից՝ Եղիսաբեթ 1-ինի ժամանակներից ի վեր, սա երկրի մասնատման առաջին դեպքը կլինի:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայում անկախության հանրաքվեն նախանշված է այս տարվա սեպտեմբերի 18-ին:





























