«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով, Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունում նյութեր են նախապատրաստվում կաշառք ստանալու մեղադրանքով: Քրեական գործի հարուցումից հետո անգամ նրա օգնականն է կալանավորվել, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել է կալանքի որոշումը եւ կայացրել ստորագրությամբ չհեռանալու մասին որոշում: Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի քրեական գործի շրջանակներում կայացրած մեղադրական դատավճռից հետո ամբաստանյալը դատարանում հայտարարել է, թե «քո ուզած 2 հազար դոլարը չտվեցի, դրա համար ես նման դատավճիռ կայացնում»: Այդ հայտարարությունից հետո մեղադրանքը պաշտպանող դատախազը տեղում արձանագրություն է կազմել եւ նյութերն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն, որտեղ էլ այս պահին նյութեր են նախապատրաստվում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գրիգորյանի որդին՝ Արման Գրիգորյանը, եւս հայտնվեց մի սկանդալային պատմության կենտրոնում: Նա մեղադրվում էր 32-ամյա մի կնոջ՝ Մարիամ Մանուկյանին բռնաբարելու եւ նրա վզից ոսկյա շղթան գողանալու մեջ: Մի քանի ամիս տեւած նախաքննությունից հետո գործը գլխիվայր շրջվեց: Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը հանվեց, փոխարենը Մարիամ Մանուկյանին սուտ մատնության համար մեղադրանք առաջադրվեց: Գործն ուղարկվեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան եւ վերջնական հանգուցալուծվեց: Ըստ դատավճռի` Մարիամը քննչական բաժնում ասել է, թե իր հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, որից հետո անկեղծորեն զղջացել է: Արագացված դատաքննությամբ հուլիսի 31-ին դատարանը Մարիամին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ՙՀանցագործության մասին սուտ մատնություն) եւ որպես պատիժ սահմանեց ազատազրկում` 6 ամիս ժամկետով»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում