Դոնբասի տարածքի մեկ երրորդը հատուկ կարգավիճակ կստանա, սակայն Ուկրաինայի կազմում, հայտարարել է «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցության առաջնորդ, նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն:
«Մինսկի արձանագրությունը հստակ սահմանել է. խոսքը երկու մարզերի հատուկ կարգավիճակի մասին չէ: Այնտեղ հստակ գրված է. միայն այն շրջանները, որոնք Ուկրաինայի իշխանության վերահսկողության ներքո չեն` երկու մարզերում», — ասել է նա ICTV հեռուստաալիքի «Խոսքի ազատության» եթերում, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Նա նաեւ հայտնել է.«Այժմ այն դիրքերի սահմանազատում է տեղի ունենում, որոնք զբաղեցնում են Ուկրաինայի զորքերը եւ որոնք ներկայումս Ուկրաինայի զորքերը չեն կարողանում զբաղեցնել»:
Լուցենկոն նշել է, որ հատուկ կարգավիճակ կստանան Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերի որոշ շրջաններ, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են Դոնբասի տարածքի մեկ երրորդը: Նա ընդգծել է, որ այդպիսով կստեղծվի «հատուկ գոտի» Ուկրաինայի կազմում: Ըստ նախագահի խորհրդականի` այդ գոտին կարող է մեկուսացվել եւ ինժեներական կառույցներով շրջապատվել:
«Մինսկի համաձայնագիրը նշանակում է, որ Ուկրաինան ամբողջական է: Նույնիսկ ժամանակավորապես վերահսկողության տակ չգտնվող ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի շրջանները, միեւնույն է, Ուկրաինայի մասն են: Սահմանը մերն է դառնում, եւ մենք պետք է մեկուսացնենք այդ հատուկ գոտին, այն վերահսկողության տակ առնենք, այդ թվում նաեւ ինժեներական կառույցներով, եւ նրանց առաջարկենք մրցակցել ոչ միայն զենքով` կենսամակարդակով», — հայտարարել է նա:





























