«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ հրապարակեցինք տեղեկություն այն մասին, որ «Քարֆուր» եւ «Երեւան Սիթի» ցանցերի միջեւ ամիսներ տեւած բանակցություններն ավարտվել են, եւ կողմերը եկել են համաձայնության։ Ըստ այդ համաձայնությունների՝ ներկայում Երեւանում գործող 12 «Երեւան Սիթի» սուպերմարկետների տարածքը շուտով կանցնի ֆրանսիական «Քարֆուրին»։
«Քարֆուրի» այսպիսի մուտքը հայկական շուկա, առանց չափազանցնելու, արմատական փոփոխություններ է բերելու։ Ընդ որում, փոփոխությունները կլինեն եւ դրական, եւ բացասական։ Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել։ Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնեղ ցանցը։ Իսկ դա նշանակում է աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ... Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք ներկայումս համարվում են էկզոտիկ եւ վաճառվում են 10-12 անգամ թանկ գներով։
Սակայն ակնհայտ է, որ կլինեն նաեւ բացասական երեւույթներ։ Եվ դա, իհարկե, պայմանավորված է նրանով, որ մի, ըստ էության, մենաշնորհին՝ «Երեւան Սիթիներին», փոխարինելու է մյուսը՝ «Քարֆուրը»։ Իսկ որտեղ կա մենաշնորհ, կան նաեւ ռիսկեր։ Օրինակ՝ հայտնի չէ, թե ինչ սկզբունքով է «Քարֆուրը» որոշելու ապրանքների գները։
Հաջորդ խնդիրը, որ ծագում է «Քարֆուրի» գալուց հետո, վերաբերում է ներկրողներին։ Այսօր տասնյակ ընկերություններ ներկրումներ են իրականացնում Հայաստան։ Այդ ապրանքների ներկրման մեծագույն մասը «Քարֆուրը» կիրականացնի ինքնուրույն։
Բայց ամենամեծ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» մուտքով, դա ներքին արտադրողների հետ փոխհարաբերություններն են։ Հայաստանում քիչ ապրանքներ են արտադրվում, որոնց որակը, գինը եւ արտադրության ծավալները կարող են բավարարել «Քարֆուրի» պահանջներին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























