Աֆղանստանը քաղաքական նոր ճգնաժամի շեմին է՝ այն բանից հետո, երբ նախագահի երկու թեկնածուները լքել են ազգային միասնության կառավարություն ձեւովորելու բանակցությունները, որոնք անց էին կացվում ԱՄՆ-ի միջնորդությամբ

Նախկին արտգործնախարար Աբդուլա Աբդուկան հայտնել է, որ իրեն չեն գոհացրել իշխանության բաշխման ներկայացված առաջարկները։ Ըստ նրա՝ իրավիճակից քաղաքական ելք գտնելն արդեն անհնար է, հայտնում է «Ռոսբալտը» վկայակոչելով BBC-ն։

Աբդուլան իրեն դարձյալ քվեարկության հաղթող է հայտարարել՝ ընդգծելով, որ չի ընդունի ընտրությունների «կեղծված» արդյունքները: Աբդուլան եւ նրա մրցակիցը` ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանին, համաձայնել են ձայների վերահաշվարկի: 

Վաշինգտոնը երկու կողմերին էլ կոչ է արել ստեղծված իրավիճակից քաղաքական ճանապարհով դուրս գալ, հայտնել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ  Ջեն Պսակին:
Հունիսի 14-ին Գանիի օգտին էր քվեարկել ընտրողների 56,44%-ը: Առաջին փուլի առաջատար Աբդուլան ստացել էր ձայների  43,56%-ը: Ձայների վերահաշվարկի գործընթացը շատ դանդաղ է ընթանում:  Օգոստոսին երկու թեկնածուներն ԱՄՆ միջնորդությամբ պայմանավորվել էին ստեղծել ազգային միասնության կառավարություն: