Սերժ Սարգսյանի խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը: Այդ մասին ասվում է Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարության մեջ:
«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»,- Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ իր հիշեցումից հետո»,- նշել է Բախշյանը:
Նրա խոսքով, խորհրդարանում աշխատելու համար «առնվազն կարդալու, պետության մասին մտածելու, համապատասխան գրառումներ եւ առաջարկներ կատարելու կարողություն է պետք ունենալ, որոնք նման խրատներով ձեռք բերել հնարավոր չէ, սա ես որպես մանկավարժ եմ ասում»:
«Այս կարողությունները միայն կրթությամբ են ձեռք բերում: Այնպես որ նրանց այս կարողությունները խորհրդարան բերելուց առաջ պետք է ստուգած լինեիք: Այսինքն խորհրդարանի խրամատը այդ մարդկանց համար հակացուցված է, նրանց մեծ մասը, ձեր ասած` վատ զինվորներն են, ովքեր սահմանը պաշտպանելու փոխարեն` հրացանը ձեռքին փախչում են, իսկ մեր երկրում եղած պրոբլեմներն էլ ոչ թե նրանց թշնամին է, այս որակման հետ լիովին համաձայն եմ, այլ` նաեւ նրանց հարստանալու միջոցը:
Այնուամենայնիվ` միամիտ- միամիտ հարցնում եմ. ի՞նչ եք անելու, եթե այս հիշեցումից, զգուշացումից հետո էլ շարունակեն բացակայել, մատների արանքից նայել իրենց գործին, կամ էլ երկրում եղած պրոբլեմները ոչ թե վերացնեն` որպես իրենց թշնամի, այլ այնքան բազմացնեն, որ Դուք էլ, իրենք էլ, բոլորս էլ, խեղդվենք այդ պրոբլեմների ծովում: Համոզված եմ, որ եւ Դուք, եւ մենք բոլորս չենք ուզում խեղդվել իրենց գործին մատների արանքից նայող Ձեր հովանավորած պատգամավորների պատճառով: Ուրեմն խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք»,- գրել է Անահիտ Բախշյանը:





























