Կենտրոնական Ասիան կարող է ահաբեկիչների կողմից օգտագործվել որպես տարանցման միջոց՝ զանգվածային ոչնչացման զենք եւ միջուկային նյութեր տեղափոխելու համար, կարծում է ԱՊՀ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

«Մենք նաեւ հաշվի ենք առնում եւս մեկ պոտենցիալ սպառնալիք. Դա ԱՊՀ երկրների, մասնավորապես՝  Կենտրոնական Ասիայի տարածքի օգտագործման հավանականություն է ահաբեկիչների կողմից՝ միջուկային եւ այլ վտանգավոր նյութերի, ինչպես նաեւ զանգվածային ոչնչացման զենքի հետ կապ ունեցող տեխնոլոգիաների եւ սարքավորումների տեղափոխման համար», -ասել է Նովիկովը ԱՊՀ-ի անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների հավաքի ընթացքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ընդ որում՝ ըստ նրա, շատ հավանական է այս երթուղին Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տեղափոխման համար օգտագործելը:

Նովիկովը հիշեցրել է հունիսին «Իսլամական պետություն» խմբավորման հայտարարությունն այն մասին, որ իրենք միջուկային զենք ունեն եւ մտադիր են այն կիրառել:

«Հիշեցնեմ, այս կազմակերպության գրոհայինները գրավել էին Իրաքի մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքը, որտեղի համալսարանից, ըստ իրենց հայտարարությունների, տասնյակ կիլոգրամներով միջուկային նյութեր էին հափշտակել: Նրանք նաեւ տիրացել էին շուրջ 1 մլրդ դոլարի ակտիվների»,- ասել է գեներալը:

Իրաքի իշխանություններն ավելի վաղ ՄԱԿ-ին իրազեկել էին գրոհայինների կողմից միջուկային նյութերի առեւանգման մասին: Նրանք նշել էին, որ գողացված ուրանը, ենթադրաբար, ցածրհարստացված է  սպառնալիք չի ներկայացնում: