Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը չի նախատել ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ նախագահը իրեն որեւէ բան չի ասել: «Ի՞նչ գործ ունեն քիթը կոխում են, իմ նախագահը ինձ ինչ կասի, կասի, բայց նախեւառաջ ինձ  բան չի ասել: Որեւէ բան նախագահը ինձ չի ասել, բացարձակ ոչ մի բան, երկրորդն էլ՝ իմ նախագահն ու ես, ի՞նչ գործ ունեն, քիթը կոխում են»,-ասաց նա:

Վարդան Այվազյանը նշեց, որ եթե նման բան ասեր, դա առաջնահերթ իր գործն է: Ինչ վերաբերում է էկոնոմիկայի փոխնախարարին «պատին սեղմելուն», պատգամավորն ասաց, որ ոչ մեկին պատին չեն սեղմել, օրենսդրական նախաձեռնություն էր բերել, ասել են՝ տար, փոխի:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, թե շաբաթ օրվա ՀՀԿ խորհրդի նիստը բավական «ցավոտ» է եղել հատկապես ՀՀԿ-ական Վարդան Այվազյանի համար, ում նախագահը հստակ հրահանգ է տվել՝ խելոք մնալ եւ կուսակցության գծի մեջ լինել: Խորհրդի նիստում հնչած ելույթների մի մասը վերաբերել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը, ինչն ակնհայտորեն դուր չի եկել Վարդան Այվազյանին: Նա իր ելույթում նման դրսեւորումները կոչել է տարակարծություններ եւ ժողովրդավարության դրսեւորում, սակայն Սերժ Սարգսյանը կշտամբել է նրան եւ նկատել, որ այդ տարակարծությունները կուսակցության խմբակցության քննարկումների ժամանակ պետք է հայտնել, իսկ երբ նախաձեռնությունը հասնում է Աժ, պետք է բոլորը համախմբված լինեն դրա շուրջ եւ միանման պահվածք դրսեւորեն: Մինչդեռ Աժ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Այվազյանը հաճախ է իրեն ընդդիմադիրի պես պահում, ընդամենը անցած շաբաթ հանձնաժողովի նիստում նա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանին պատին է դեմ տվել: