Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է, որ իր նախագահության ընթացքում անպայման կլուծի Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրոպայի Խորհրդաի Խորհրդարանական Վեհաժողովի փոխնախագահ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատում հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահ, Ալֆորվիլ քաղաքի նախկին քաղաքապետ Ռենե Ռուքեն:
Այս պահին, նրա խոսքով, որոշակի իրավական խնդիրներ կան՝ կապված այդ հարցը Ֆրանսիայի Ազգային Ժողովում ներկայացնելու հետ, սակայն գործընթացը դեռ շարունակվում է:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 4-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովի ապտգամաբոր Վալերի Բուայեն 20-րդ դարում ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացրեց: Բուայեն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Ֆրանսիայում չկա որեւէ օրենք, որը պատիժ նախատեսի ցեղասպանությունը կամ մարդկության դեմ հանցանքը ժխտելու համար, բացառությամբ Հոլոքոստի: Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից մեկն էր:
Ավելի վաղ, չնայած նրան, որ Ֆրանսիայի խորհրդարանը Բուայեի առաջարկությամբ Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման օրենք էր ընդունել, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը համարել էր, որ փաստաթուղթը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը:




























