Չեմ տեսնում պատճառը, որի համար քառյակի կազմում գտնվող եւ սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ չհամարող կուսակցությունները փոխեն իրենց հետագա ծրագրերը, լրագրողներին հայտնել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք քառյակի քայքայումը՝ հաշվի առնելով, որ   սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է անցում խորհրդարանական համակարգին,  որին կողմ է ՀՅԴ-ն:

Զոհրաբյանի խոսքով՝ ԲՀԿ-ն շարունակում է պնդել, որ երկրում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չկա. «Մենք դեմ չենք ինչ-ինչ փոփոխությունների, սակայն ցանկացած փոփոխություն պետք է ճիշտ ժամանակին արվի՝ քաղաքական եւ հանրային լայն փոխզիջման պայմաններում: Հակառակ պարագայում հետեւանքները կարող են վտանգավոր լինել:

Ի պատասխան դիտարկմանը, թե լուրեր են շրջում, որ ԲՀԿ-ն հավակնում է երկրի նախագահի պաշտոնին եւ պայքարում է իշխանության համար, Զոհրաբյանը նշել է.  «Բնական է, որ ԲՀԿ-ի նման քաղաքական ուժը, որը բազմաթիվ քաղաքացիների վստահությունն է վայելում, կարող է հավակնել նախագահի թեկնածու առաջադրելուն: Դրանում դատապարտելի ոչինչ չկա, ավելին, հակառակ պարագան անտրամաբանական կլիներ»: