Հայաստանի ոստիկանության Դիտորդական խմբի համար անհասկանալի է ոստիկանության պահվածքը:

Դիտորդական խումբը հայտարարություն է տարածել, որում նշվում է. «Սկսենք այնտեղից, որ Խոշտանգումների եւ մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման Եվրոպական կոմիտեն ՀՀ կառավարության հետ եկել էր փոխհամաձայնության, որ ՁՊՎ-ներում պահվող անձինք պետք է ապահովվեն օրեկան 3 անգամյա սննդով, ներառյալ մեկ տաք սնունդ: Բայց Դիտորդական խմբի մոնիթորինգների արդյունքները ցույց են տվել, որ պետության կողմից չի պահպանվում ստանձնած պարտավորությունը, որի վերաբերյալ մեկնաբանություն է պահանջվել ՀՀ ոստիկանությունից:

Արդյունքում` ՀՀ ոստիկանության կողմից անհասկանալի մոտեցում է ցուցաբերվում. պնդում են, որ  ՀՀ –ում գործող բոլոր ՁՊՎ-ներում տրամադրվում է 3 անգամյա սնունդ, որից մեկը տաք՝ չներկայացնելով որեւէ ապացույց:

Դիտորդական խումբը, ոչ հիմնավոր համարելով տվյալ մեկնաբանությունը, ՀՀ ոստիկանությունից խնդրել էր եւս մեկ անգամ տալ մեկնաբանություն եւ հիմնավորել փաստերով, սակայն  նրանք չեն ներկայացրել ապացույցներ՝ շարունակելով պնդել, որ նման խնդիր գոյություն չունի:

Կարծում ենք՝ տրամաբանական կլիներ, որ ոստիկանությունը ապացուցեր իր պնդումները՝ ներկայացնելով իր տիրապետման ներքո գտնվող ապացույցները առ այն, որ ՁՊՎ-ներում տրամադրվում է օրենքով նախատեսված, ձերբակալվածին հասանելիք սնունդը:

Դիտորդական խումբը եւս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ մարզային ՁՊՎ-ներում չեն տրամադրվում օրենքով նախատեսված չափի սնունդ: Այս համոզմանն ենք հանգել մեր գործունեության ընթացքում կատարած ուսումնասիրություններով, ձերբակալվածների հետ կատարած զրույցի ընթացքում ստացած տեղեկություններով: Չնայած որ մենք  չէ, որ պետք է ապացուցենք սննդի չտրամադրման փաստը, սակայն խոստանում ենք, որ կարճ ժամանակում կներկայացնենք փաստեր եւ ապացույցներ տվյալ հիմնախնդրի վերաբերյալ»,- ասվումէ  հայտարարության մեջ: