Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է ժամանել Հայաստան, կարող է նույնիսկ հուզվել կամ կարող է պատվիրակություն ուղարկել, բայց այս ամենն ընդամենը բարոյահոգեբանական հարցեր են: Այս մասին սեպտեմբերի 9-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր, Արեւմտահայոց ազգային խորհրդի փոխնախագահ Արագած Ախոյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ Էրդողանին 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավերին:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, ըստ նրա, հրաշալի առիթ է հայ ժողովրդի համար՝ աշխարհում իր ձայնը կրկնապատկելու եւ եռապատկելու համար:
«Մենք պետք է հասկանանք, որ հայ-թուրքական հարաբերությունների խնդիրը ռումբ է յուրաքանչյուրիս գրպանում, որը հարկավոր է վնասազերծել: Առայժմ շատ փորձագետների եւ քաղաքական գործիչների թվում է, թե «թուրքական պատը» ինչքան ամուր ու բարձր լինի, այնքան ապահով մենք կլինենք: Դա այդպես չէ: Թուրքական պատը պետք է դարձնել թափանցիկ եւ ներս մտնել, մասնակցել պատի հետեւում կատարվող գործընթացներին»,- նշել է Արագած Ախոյանը:
Հիշեցնենք, օգոստոսի 28-ին Էրդողանի երդմնակալությանը ներկա ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը թուրքական պետության ղեկավարին էր փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստան այցելելու հրավերը:





























