Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մասնաճյուղը ստուգել է Քաջարան քաղաքի ջրերը եւ որեւէ վարակ չի հայտնաբերել:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կենտրոնի Սյունիքի մասնաճյուղի ղեկավար Վահան Աբրահամյանը:

Նա նշեց, որ ստուգել են նաեւ հիվանդանոց տեղափոխված հիվանդների անալիզները, նորից որեւէ բան չի հայտնաբերվել: «Իրենք պառկած են էնտերոպոլիտ վիրուսով, աղիքային հիվանդություն է, ջրերը մաքուր են, հիվանդների վիճակը՝ կայուն, ստուգել ենք նաեւ նրանց բարեկամներին, ովքեր կոնտակտավոր են, որեւէ պանիկա չկա, որեւէ բան չի հայտնաբերվել, 10 հոգին մեծ թիվ չէ, որ պանիկա լինի»,- ասաց Վահան աբրահամյանը:

Նա նշեց, որ հիվանդները Քաջարանից տեղափոխվել են Կապանի հիվանդանոց, քանի որ այնտեղ ինֆեկցիոն բաժանմունք չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քաջարան քաղաքում սեպտեմբերի 5-ից աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է տարածվել։ Սյունիքի մարզում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ արդեն 10-ը բնակիչ է տեղափոխվել Կապանի բժշկական կենտրոն, որոնցից 7-ը՝ քաջարանաբնակներ, 3-ը՝ Քաջարանում աշխատող կապանցիներ։

Հիվանդներին ուղեգրով Կապան են տեղափոխում, քանի որ Քաջարանի բժշկական կենտրոնում կա ընդամենը մեկ հիվանդասենյակ ՝ 3 հոգու համար։

Վարակի տարածման աղբյուրը դեռ չի հայտնաբերվել։ «Հիվանդությունների վերահսկման  եւ կանխարգելման ազգային կենտրոնի» Սյունիքի մասնաճյուղից հերքեցին բնակիչների շրջանում տարածված լուրերը, թե վարակը ջրից է։

«Հետազոտություններ ենք իրականացվել եւ բացառվում է, որ վարակը ջրից լինի»,- NEWS.am-ին ասել էր մասնաճյուղի տնօրեն Ռիտա Ջհանգիրյանը։