«NEWS.am»-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցոյի հոդվածը, որը հրապարակվել է «New Eastern Europe» ամսագրում:

Վերջին ժամանակներում անընդհատ քննադատություն է հնչում ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերաբերյալ, որը վերջին 20 տարում ձգտում է ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար ընդունելի որոշում գտնել: Նվազագույն դեպքում կասկածներ են հնչում նաեւ Եվրոպական միության վերաբերյալ: Ճշմարիտ է, որ հակամարտության բավարարող լուծում դեռ չի հայտնաբերվել, սակայն ճիշտ է նաեւ այն, որ հաջողվել է խուսափել նոր լայնածավալ պատերազմից՝ դրամատիկ հետեւանքներով ոչ միայն Հարավային կովկասի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար, հատկապես նավթից կախված տնտեսությունների համար:

1994թ.-ից ԵԱՀԿ Մինսկի խումբը առաջ քաշեց տարբեր շրջանակներում հինգ առաջարկություններ երկու կողմերին՝ վերջնական կարգավորման հասնելու համար: Դրանցից չորսը մերժվեցին, բայց մեկը մնաց սեղանի վրա: Ակնհայտ է, որ այն սկսվում է հիմունքներից եւ վերաբերում  է երկու կողմերի միջեւ վստահության այնպիսի մակարդակի ստեղծմանը, որն անհամատեղելի է Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծում անընդհատ կրակոցների հետ՝ հանգեցնելով անիմաստ զոհերի:

ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է նաեւ այդ ուղղությամբ: 2012 թ.-ի հունիսին համանախագահները երկու տրամաբանական նոր առաջարկներ ներկայացրին, որպեսզի աշխարհում միակ ինքնակարգավորվող հրադադարի ռեժիմում խուսափեն զոհերից: Առաջինը հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումն էր: Երկրորդն առաջարկում էր դուրս բերել բոլոր դիպուկահարներին շփման գծից: Ի զարմանս շատերի՝ երկու առաջարկություններն էլ մերժվեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի կողմից:

Նման մոտեցումն ավելի հստակ է դառնում, երբ վերլուծում են ռազմական գործողությունների բնույթը, որոնք հարավկովկասյան այս երկիրը վերջերս իրականացնում է Լեռնային Ղարաբաղի դեմ: Ավելի հաճախ են ադրբեջանական հետախուզական եւ դիվերսիոն խմբերի զինվորները հրաման ստանում ներթափանցելել Լեռնային Ղարաբաղի եւ անգամ Հայաստանի Հանրապետության տարածք, թեեւ նրանց հրամանատարությունը շատ լավ գիտակցում է, որ այս ուղին անդառնալի է: Ակնհայտ է, որ այս պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի կամ որեւէ այլ կազմակերպության համար չափազանց դժվար է միջնորդական ջանքեր գործադրել, եւ չափազանց բարդ է առաջընթացի հասնել:

Միեւնույն ժամանակ ԵՄ-ն վերջին տարիներին փորձում է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին աջակցելու համար: Նախ, ԵՄ-ն սկսել է Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարությունն ամրապնդելու ծրագիր, ինչպես եւ Արեւելյան գործընկերության երկրներում եւ այլ հարեւան երկրներում: Հայաստանում եւ Վրաստանում առաջընթաց գրանցվեց, սակայն ԵՄ կողմից հրապարակված ամենամյա զեկույցի համաձայն՝ պատկերն Ադրբեջանում ավելի ու ավելի մռայլ է դառնում: