Ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանի գործով ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը, որը Արարատի մարզի Այգեզարդ գյուղից է:

NEWS.am-ի տեղեկություններով՞ նա բանակ էր զորակոչվել 2013թ գարնանը:

Այգեզարդի գյուղապետ Արթուր Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ զարմացած է, որ նման բան է լսում իր համագյուղացու մասին: «Շատ նորմալ ընտանիք է, ինքն էլ նորմալ, հանգիստ, խելացի երեխա, տան միակ տղան է, քույրեր ունի, ամուսնացած են, մի քույրն էլ երիտասարդ մահացավ, հիվանդ էր»,- ասաց Արթուր Մանուկյանը:

Նա նշեց, որ զինծառայողի հայրը իրենց համայնքի ավագանու անդամ է, մայրը՝ տնային տնտեսուհի է: Գյուղապետն ասաց, որ օրերս մարզպետարանից զանգել էին եւ հայտնել, որ Վարդանին եւ եւս մի քանի զինծառայողների պետք է գովասանագիր տային լավ ծառայության համար, ինչպես նաեւ կարճատեւ արձակուրդ, բայց  այն անորոշ ժամանակով հետաձգվեց:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Սերգեյի Հարությունյանը։ Մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով/ ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:  Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: