ՀՀ  առողջապահության նախարարությունը  սեպտեմբերի 6-ին  տեղեկատվություն էր ստացել, որ Սյունիքի  մարզի  Քաջարան  քաղաքում  արձանագրվել է աղիքային  վարակիչ  հիվանդության 3 դեպք: Հետագա օրերին բուժաշխատողների կողմից կատարված բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է եւս 7 հիվանդ: Ներկայումս Գորիսի եւ Քաջարանի հիվանդանոցների ինֆեկցիոն բաժանմունքներում բուժում է ստանում 10 հիվանդ:  Նրանք գանգատվում են  բարձր ջերմությունից, դիարեայից,  սրտխառնոցից,  փսխումից (ոչ բոլորը), որովայնի շրջանում ցավերից:  Դեպքերն  արձանագրվել  են   քաղաքի   տարբեր  հասցեներում եւ  գրեթե միաժամանակ:

ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից անմիջապես կազմակերպվել եւ իրականացվել են դեպքերի եւ օջախների համաճարակաբանական  հետազոտություն, բակային համայցեր: Օջախներում  կատարվել  է եզրափակիչ  ախտահանում, լաբորատոր հետազոտության են ենթարկվել բոլոր  հիվանդները եւ նրանց կոնտակտավորները: Օջախներում  իրականացվել  են  հանրային իրազեկման աշխատանքներ:

Քաջարանի ստացիոնար  նմուշառման  կետերից  մանրէաբանական հետազոտության  համար  կատարվել  է  խմելու  ջրի  12 նմուշառում եւ  առաջնային  ցանցում մնացորդային  քլորի  որոշում:

Հետազոտության պահին ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել, սակայն դեպքերի՝ քաղաքում տարածվածությունը, տարբեր տարիքային խմբերում եւ միաժամանակյա ի հայտ գալը, նախանշում են, որ հիվանդությունների առաջացման հավանական գործոն կարող են հանդիսանալ միամոմենտ աղտոտված խմելու ջուրը կամ սննդային գործոնը:

Հետազոտությունները եւ հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները   շարունակվում են:

ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը» կոչ է անում բնակչությանը նշված ախտանշանների առկայության դեպքում անհապաղ դիմել տեղի առողջապահական կազմակերպություն: