Վաշինգտոնը կարծում է, որ Ուկրաինայում մալայզիական «Boeing»-ի վթարի հետաքննությունը հաստատում է. դրան «երկիր-օդ» հրթիռով են հարվածել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով Սպիտակ տանն առընթեր ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեթլին Հեյդենին:
Ավելի վաղ Նիդեռլանդներում հրապարակել էին մալայզիական օդանավի վթարի մասին նախնական զեկույց, որի հետեւանքով 298 մարդ է զոհվել: Փորձագետները հաստատել էին, որ օդանավը թռիչքի ընթացքում է վթարի ենթարկվել՝ «կառույցի խափանումների հետեւանքով, որոնք պայմանավորված էին բազմաթիվ բարձր էներգետիկ օբյեկտների արտաքին ազդեցությամբ», սակայն օբյեկտների աղբյուրը դեռեւս չի հաջողվել հաստատել:
Հեյդենի խոսքով՝ զեկույցը միանգամայն պարզ է: «Զեկույցում դիտարկված փաստերը համապատասխանում են նրան, ինչն արդեն լայնորեն հայտնի է՝ «երկիր-օդ» հրթիռը հարվածել է օդանավին, ինչի հետեւանքով այն օդում կործանվել է, զոհվել են բոլոր 298 քաղաքացիական անձինք: Ինքնաթիռում տեխնիկական եւ օպերացիոն անսարքությունների կամ օդաչուի սխալների որեւէ հետք չկա»,- մասնավորապես նշել է Հեյդենը՝ հավելելով, որ քրեական հետաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել հուլիսի 17-ին, Դոնեցկի մարզում:





























