ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում Կկոնգրեսի առաջնորդների հետ հանդիպում է անցկացրել, որպեսզի ստանա նրանց աջակցությունը` Իրաքում եւ Սիրիայում ջիհադիստների դեմ հավանական ռազմական գործողություն սկսելու համար:

Օբաման առաջարկում է միջոցներ հատկացնել Իրաքում եւ Սիրիայում զինվորականներ պատրաստելու համար, որպեսզի օգնեն այդ երկրներին «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Օբաման հայտնել է նաեւ Իրաքում իսլամիստների դիրքերի ուղղությամբ ավիահարվածները շարունակելու մտադրության մասին: Նա հայտարարել է, որ այդ ծրագիրն իրականացնելու համար իր լիազորությունները բավարար են՝ հասկացնելով կոնգրեսմեններին, որ ռազմական գործողությունը շարունակվելու է` անկախ նրանց դիրքորոշումից:
Սպասվում է, որ Օբաման «ԻՊ»-ի դեմ պայքարի ծրագիրը կներկայացնի սեպտեմբերի 10-ի երեկոյան հեռուստաուղերձում` սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցից մի քանի ժամ առաջ, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

The Washington Post թերթը հայտնում է, որ Օբաման պատրաստ է սկսել ավիահարվածները «ԻՊ»-ի Սիրիայի դիրքերի ուղղությամբ: 

Նախագահն իր մտադրությունների մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքականության մի քանի փորձագետների հետ զրույցում: 

Ըստ Պենտագոնի ղեկավարի նախկին տեղակալ Միշել Ֆլորնոյի` նա խոստացել է պայքարել ԻՊ-ի դեմ ցանկացած վայրում, «որտեղ որ լինեն նրանց ռազմավարական կետերը»:
Նշվում է, որ Սիրիայում ավիահարվածներին անցնելը նոր քայլ կդառնա Օբամայի նախագահական ռազմավարությունում: