Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 03.23-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության «Հ-4» ավտոճանապարհի Եղվարդ-Զորավան հատվածում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ հայտնվել քարերի մեջ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արագյուղի վերջնամասում «Իսուզու» մակնիշի 34 NZ 032 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել քարակույտին:
Ավտոմեքենայի վարորդ՝ 29-ամյա Ս. Խ.-ն եւ ուղեւոր Մ. Ղ.-ն մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Ս. Խ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Մ. Ղ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել, գազազրկել են ավտոմեքենան եւ դուրս բերել ճանապարհի երթեւեկելի հատված:





























