Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լովրովը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունում իր նախագահության շրջանակներում Ռուսաստանը մտադիր է սկսել նոր պետությունների ընդգրկումն այդ կառույցում:

«Ռոսիյսկայա գազետա»-ում տպագրված իր հոդվածում Լավրովը գրել է, որ Դուշանբեի գագաթաժողովում, որը տեղի կունենա սեպտեմբերի 11-12-ին, պետք է որոշումներ կայացնել, որոնք կավարտեն իրավական, վարչական եւ ֆինանսական պայմանների ձեւավորումը՝ ՇՀԿ-ում նոր անդամների ընդգրկելու համար, ինչն իր հերթին հնարավորություն կտա ընդլայնել կազմակերպությունը ռուսական նախագահության ընթացքում:

Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ զուգահեռաբար խորացնում են ՇՀԿ-ի համագործակցությունը դիտորդ-երկրների եւ գործընկերների հետ: Նրա խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է «ՇՀԿ-ում հանդես գալ համակարգված քայլերի օգտին տնտեսական, ֆինանսական, էներգետիկ եւ պարենային անվտանգության հարցերում»:

Սերգեյ Լավրովը նաեւ նշել է, որ ՇՀԿ-ի շրջանակներում բազմակողմ նախագծեր սկսելու հեռանկարներ կան տրանսպորտի, էներգետիկայի, գիտության ու տեխնիկայի ոլորտներում: Բացի Ռուսաստանից, ՇՀԿ գագաթաժողովին մասնակցելու են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը, ինչպես նաեւ դիտորդ-երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: