Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 9-ին, ժամը 21.54-ին ահազանգ է ստացվել, որ հանրապետական նշանակության «Հ-28» ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան բախվել է ավտոճանապարհի բետոնե արգելապատնեշին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հանրապետական նշանակության «Հ-28» ավտոճանապարհի Հրազդան-Հանքավան հատվածում (1-ին կմ) դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34 NQ 608 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին, ինչի հետեւանքով վարորդ՝ 31-ամյա Հ. Տ.-ն եւ ուղեւոր՝ 30-ամյա Ռ.-ն, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, դուրս են բերվել տեղի ուժերով եւ հոսպիտալացվել Հրազդանի ԲԿ, այնուհետեւ Ռ. Բ.-ը տեղափոխվել է Մալաթիա ԲԿ:

Ըստ բժիշկների՝ Հ. Տ.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ռ. Բ.-ինը՝ ծայրահեղ ծանր: