Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար առայժմ ոչ ոք չի դիմել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի վերաբերյալ մրցույթ է հայտարարվել եւ փաստաթղթերը ընդունվելու են մինչեւ սեպտեմբերի 24-ը ժամը 18.00-ն:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, թե Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուների հարցում որոշակի հստակություն է մտնում: Միջազգայնագետ Արա Ղազարյանը, ով համարվում էր ոչ իշխանական թեւի ամենահավանական թեկնածուն, սակայն մեկ շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ հայտարարված մրցույթին մասնակցելու որոշում դեռ չի կայացրել, երեկ ասաց, որ վերջնական որոշում ունի: Ղազարյանը մասնակցելու է մրցույթին: Նրա շանսերը շատ բարձր են գնահատվում, եւ իշխանական թեւում մտավախություն ունեն, որ Ղազարյանի առաջադրման դեպքում Եվրախորհրդում, որտեղ վերջնական ընտրություն են անելու Հայաստանի ներկայացրած 3 թեկնածուների միջեւ, հենց Ղազարյանին կընտրեն: Արա Ղազարյանը դեռ փաստաթղթերը չի ներկայացրել մրցութային հանձնաժողովին:




























