Ավելի քան հինգ տասնամյակ առաջ Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած էմբարգոն երկրին ավելի քան 116 մլրդ դոլարի վնաս է պատճառել, հայտարարել է Կուբայի ԱԳ փոխնախարար Աբելարդո Մորենոն:

«2014թ. մարտի դրությամբ Կուբայի ժողովրդի կորուստները  կազմում են 116,8 մլրդ դոլար»,- դիվանագետի խոսքերն է  մեջբերում El Pais-ը:

Ըստ նրա՝ էմբարգոն վերածվել է ֆինանսական պատերազմի եւ Կուբայի նկատմամբ ճնշումների:

«Կուբացիների կյանքում չկա մի ոլորտ, որը չի տուժում ԱՄՆ-ի գործողություններից, որոնք ունեն քայքայիչ եւ ապակայունացնող ազդեցություն»,- Մորենայի խոսքերն է  մեջբերում «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, Կուբայի նկատմամբ էմբարգո Վաշինգտոնը կիրառել էր 1960թ.՝ այն բանից հետո, երբ կղզում իշխանության էր եկել Ֆիդել Կաստրոն։ Արդյունքում ԱՄՆ-ն արգելափակել էր Հավանայի հետ բոլոր առեւտրային եւ զբոսաշրջային հարաբերությունները։

Նախորդ տարվա նոյեմբերին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն էր հայտնել վերանայել Կուբայի դեմ պատժամիջոցները։ Ամերիկյան առաջնորդը նշել էր, որ ԱՄՆ-ն եւ Կուբան վաղուց պետք է «շփման նոր մակարդակի» հասնեին։

Այնուամենայնիվ, սեպտեմբերի 6-ին  ԱՄՆ-ի նախագահը մեկ տարով երկարացրել էր Կուբայի դեմ պատժամիջոցների ժամկետը: