Հրանտ Մաթեւոսյանի անտառապետ  եղբորորդու՝ Թովմա Մաթեւոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը սեպտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:

Նա նշեց, որ Տիգրան Մելիքյանի աողջական վիճակը նորմալ է, գտնվում է առանձին խցում՝ բժշկների հսկողության տակ: Նրա հացադուլ հայտարարելու պատճառը քրեական գործից  դժգոհությունն է:

Այս պահի դրությամբ, Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ, 11 ՔԿՀ-ներում հացադուլ է հայտարարել ընդամենը երկու հոգի:

Նշենք, որ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրել էր, թե օրերս հայտնի դարձավ, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում  հացադուլ է հայտարարել անցյալ տարվանից «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանի սպանության մեղադրանքով կալանավորված Տիգրան Մելիքյանը: Նա այդ մասին հայտարարություն էր տարածել, որտեղ բացատրել էր, թե ինչու է անցել հացադուլի, որը ծայրահեղ մեթոդ է համարվում: «Ես խորին ցավ եմ ապրում Թովմա Մաթեւոսյանի մահվան համար, բայց ես գործել եմ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում: Մենք երկուսս էլ կոռուպցիոն համակարգի զոհ դարձանք, մի երիտասարդ չկա, մյուսին էլ շարունակում են կործանել», ասված էր մարդասպանության մեջ մեղադրվող Մելիքյանի ծավալուն հայտարարության մեջ:

Ինչո՞ւ է դատավարության հենց այս փուլում, երբ արդեն վկաներ են կանչվում եւ հրապարակային հարցաքննվում դատարանի դահլիճում, հանկարծ մեղադրյալը որոշում գնալ նման քայլի: Սա ոչ միայն տարօրինակ է, այլեւ խոսում է այն մասին, որ մեղադրյալի շուրջ իրավիճակ է փոխվել:

«Մեղադրյալ Տիգրան Մելիքյանի նախկին տնօրենը, որը գործով վկա էր եւ ով շատ սատարում էր նրան, հիմա ձերբակալված է կաշառակերության համար: Այս փաստը եւս վախեցրել է նրանց: Խոսքը Արմեն Լաբլաջյանի մասին է, որն, ինչքան գիտեմ, ազգակցական կապ ունի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի` Բուլկու հետ»,- թերթի հետ զրույցում ասաց սպանվածի կինը` Արփինեն»: