Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, սեպտեմբերի 12-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ տեղի կունենա «Ընտանիք, հասարակություն եւ Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագիրը կրող գիտաժողով` կազմակերպված Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակի կողմից` «Վորլդ վիժըն» կազմակերպության, ԵՀԽ Կլոր սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի եւ ՄԱԲՀ (UNFPA) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

Գիտաժողովին մասնակցելու են եկեղեցականներ, գիտնականներ, պետական համապատասխան ոլորտների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կներկայացվեն շուրջ 17 զեկույցներ: Գիտաժողովի նպատակն է բազմակողմանիորեն քննել, գնահատել, համադրել հայ ժողովրդի կյանքում Հայ Եկեղեցու դերակատարությունը եւ մտածողությունը, պատմական փորձառությունը եւ արդի մարտահրավերները հատկապես վերարտադրողական առողջության եւ իրավունքի ոլորտում:

Գիտաժողովը բաղկացած է լինելու երկու հիմնական մասերից` «Ժողովրդագրական իրավիճակը Հայաստանում եւ նրա վրա ազդող գործոնները» եւ   «Ժամանակակից հայ ընտանիքի առողջ կայացման ու աջակցման խնդիրները», որոնցում հիմնական շեշտադրում է կատարվելու հղիության արհեստական ընդհատման եւ հատկապես` սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման երեւույթի վրա: Գիտաժողովի աշխատանքը հիմք կծառայի հետագայում առողջապահության վերաբերյալ Հայ Եկեղեցու հայեցակարգի մշակման համար: