Օմբուդսմենի եւ Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական եւ օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ աշխատակազմը:

Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված եւ փակվող երկաթե մահճակալները փոխարինելու եւ յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի տարածքով ապահովելու անհրաժեշտության մասին: Պաշտպանության նախարարությունն այս խնդիրներին պատշաճ լուծում է տվել. տեղադրվել են համապատասխան նմուշի մահճակալներ, ապահովվել է պահանջվող բնակելի տարածքը:

Ազատազրկված զինծառայողների կարգապահական գումարտակում արձանագրվել են անմխիթար բնակելի պայմաններ, որոնց բարելավման նպատակով Պաշտպանության նախարարությունն այս տարի արդեն նախատեսում է վերանորոգման եւ նոր մասնաշենքերի կառուցման աշխատանքներ: Բացի դրանից՝ այժմ մեկուսարաններում եւ կարգապահական գումարտակում լրացվում են դատապարտված զինծառայողների հանձնուքների ընդունման եւ տեսակցությունների տրամադրման մատյանները, որոնք մինչ այդ առկա չէին:

Արմեն Գրիգորյանը նախարարության ուշադրությունն է հրավիրել նաեւ զինծառայողների կարգապահական մեկուսարանների ներքին կանոնակարգը սահմանող Կառավարության որոշման եւ ՀՀ օրենքների, միջազգային-իրավական պահանջների միջեւ եղած որոշ անհամապատասխանությունների վրա: Օմբուդսմենն առաջարկել է այդ բացթողումների լրացման հնարավոր եղանակները, եւ Կառավարության նշված որոշման փոփոխությունների մշակումն այժմ ընթացքի մեջ է:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դրական է գնահատում Պաշտպանության նախարարության՝ զինծառայողների իրավական վիճակը բարելավելու առաջարկներին համարժեք արձագանքելու պատրաստակամությունը: Համոզված ենք, որ ջանքերի հետեւողական համատեղման պարագայում Օմբուդսմենի վեր հանած այս խնդիրներից բացի՝ կլուծվեն նաեւ ոլորտում առկա բազմաթիվ այլ հարցեր»: