Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստը կլինի առաջիկա 10 օրվա ընթացքում, որի ժամանակ էլ կընտրեն հանձնաժողովի նախագահ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մինչ այդ խմբակցությունները պետք է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացնեն հանձնաժողովում իրենց ներկայացուցչին: Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Էթիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ կդառնա ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Ես տեղեկացված եմ, որ իմ թեկնածությունը խմբակցության կողմից ներկայացված է որպես հանձնաժողովի անդամ»: Քանի որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը՝  Հայ ազգային կոնգրեսը, հայտարարել է, որ թեկնածու չի առաջադրելու, իսկ Էթիկայի հանձնաժողովը ղեկավարում են ամենամեծ ընդդիմադիր եւ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները, ըստ այդմ՝  ենթադրվում է, որ Էթիկայի հանձնաժողովի նախագահ կընտրվի հենց Արփինե Հովհաննիսյանը:

Մեր տեղեկություններով՝ Էթիկայի հանձնաժողովի վարույթում առայժմ որեւէ գործ չկա, բայց դատելով այս նստաշրջանի առաջին նիստի արդյունքներից՝ դրանց պակասը չի զգացվի:

Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը առաջիկայում մտադիր է հրաժարվել այդ պաշտոնից։ Որպես պատճառ նա նշել է գերծանրաբեռնվածությունը։ «Ես նաեւ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ, ու մենք հիմա էլ, առաջիկայում էլ, ունենք նախագծեր ու փաթեթներ, որոնք ծավալուն են ու մասնագիտական առումով պահանջում են նստել, կարդալ, ժամանակ ծախսել»։

Նշենք, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում շրջանառվում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունը, ով չի թաքցրել հանձնաժողովի նախագահ դառնալու իր ցանկությունը»։