ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին առաջարկած հանդիպումները  քաղաքական ճնշում են կողմերի վրա՝ ղարաբաղյան հարցով բանակցությունները մեռյալ կետից շարժելու համար: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Նա չի կարծում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Փարիզում կայանալիք հանդիպմանը համանախագահները կարգավորման նոր փաթեթ կներկայացնեն:

«Եթե դա այդպես լիներ, Ադրբեջանն ավելի ակտիվ քայլեր կձեռնարկեր: Բաքվի բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի բանակցությունները դուրս բերվեն ԵԱՀԿ ՄԽ-ի ձեւաչափից, քանի որ այդ խմբի շնորհիվ միջնորդները հասկացան, որ հակամարտությունը չի կարող լուծվել ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելով», - նշել է Կիրո Մանոյանը՝ հավելելով, որ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում բանակցությունները շարունակվելու դեպքում Ադրբեջանը կփորձի հասնել ավելի մեծ համաձայնության, այսինքն անել այնպես, որ կարգավորումը չլինի փաթեթային համաձայնագիր, ինչպես նախատեսված է մադրիդյան սկզբունքներով:

«Ռուսաստանում եռակողմ հանդիպումից հետո հրադադարի խախտման դեպքերը նվազել են, եւ սա վկայում է, որ այդ հանդիպումները դերակատարում ունեն նաեւ այդ իմաստով», - ամփոփել է Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, Սոչիում օգոստոսի 10-ին կայացել էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան հարցի կարգավորումը: