Հունաստանի խորհրդարանումը ցեղասպանութան ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը երկրի հայ համայնքի եւ հույն հասարակության որոշակի խմբերի գործունեության արդյունք է: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայ դատի գրասենյակի եւ ՀՅԴ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ Հունաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ավելի սերտ են դառնում:
Կիրո Մանոյանի խոսքով՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում Դողու Փերինչեքի դեմ Շվեյցարիայի հայցը, նման օրենքի ընդունումը Հունաստանում արժանի է ողջույնի: «Սակայն անհրաժեշտ է հետեւել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում սպասվող իրադարձություններին,, քանի որ այդ օրենքը Հունաստանում հիմնականում նույն մոտեցումն ունի, ինչը եւ Շվեյցարիայում, որը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռեւս անվանում է խոսքի ազատության սահմանափակում: Դատարանի նման որոշումը բողոքարկվել է եւ քննարկվի հունվարին», - նշեց Կիրո Մանուկյանը:
Հիշեցնենք, Հունաստանի խորհրդարանը երեկ՝ սեպտեմբերի 9-ին, ընդունել է անցած դարի սկզբում Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը ժխտելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:
Օրինագծին կողմ է քվեարկել 54, դեմ՝ 42, ձեռնպահ 3 պատգամավոր: Հունաստանը Շվեյցարիայից եւ Սլովակիայից հետո երրորդ երկիրն է, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի է:





























