Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի մասով քրեական գործը պետք է կարճվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը:
«Տիգրան Ասատրյանը որեւէ ձեւով առնչություն չի ունեցել այդ ամենին, այդ մասին բազմիցս խոսվել է: Իմ պաշտպանյալի մասով գործը հետագայում՝ ինչ-որ փուլում, պետք է կարճվի, որեւէ ապացույց չկա, որ իմ պաշտպանյալը որեւէ առնչություն ունի այդ ամենի հետ»,-ասաց փաստաբանը:
Նա նշեց, որ գործի շրջանակներում մի քանի փորձաքննություններ են կատարվել, որոնք կապ չունեն Տիգրան Ասատրյանի հետ: «Չեմ կարող ասել աշխատանք չի կատարվում, քննչական մարմինը ինչ-որ գործողություններ է իրականացնում, որի մասին տեղեկություն չունեմ: Բազմաթիվ փորձաքննություններ են կատարվել, մանրամասներ չեմ կարող ասել՝ նախաքննական գաղտնիք չհրապարակելու պատճառով, բայց բոլոր հնարավոր եւ անհնարին փորձաքննությունները կատարվել են,
Տիգրան Ասատարյանին առաջադրված մեղադրանքը ոչ միայն չեն հիմնավորում, այլեւ հերքում են»,-ասաց փաստաբանը:
Վարդուհի Էլբակյանը շեշտեց, որ աբսուրդ է, թե Թեւոս Սաֆարայանի ազատության մեջ գտնվելը ձեռնտու չէ Տիգրան Ասատրյանին, նման բան ասելու համար որեւէ հիմնավորում եւ պատճառաբանություն չկա, քանի որ Տիգրան Ասատրյանը եղել է Արթուր Սաֆարյանի կնքահայրը:
Նշենք, որ Իսրայել Սարգսյանի պաշտպան Արսեն Սարդարյանը կարծիք էր հայտնել, թե Արթուր Սաֆարյանի սպանության գործը շատ հնարավոր է կարճվի։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել էր 41-ամյա Արթուր Սաֆարյանին՝ քրեական հեղինակություն «Թեւոսիկի եղբորը»: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Ոստիկանները գործով կալանավորել են Իսրայել Սարգսյանին, որը Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է, եւ Տիգրան Ասատրյանը: Քրեական գործով պարզվել էր, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, իսկ կատարելուց հետո Մովսեսին սպանել է եւ դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը: Փետրվարի 18-ից փրկարարները ոստիկանների հետ որոնում են Մովսեսի դին, սակայն առայժմ չի հաջողվել գտնել:





























