Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահների միջեւ կա տակտիկական զուգախաղ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանով է հավանական Ռոբերտ Քոչարյանի վերադարձը:
««Ժառանգությունը» հավանաբար չի սատարի, որովհետեւ կուսակցության ներսում կան մարդիկ, որոնք հստակ ընդգծված մերժողական վերաբերմունք ունեն Քոչարյանի նկատմամբ: Կարծում եմ, որ ՀԱԿ-ն էլ չի սատարի Քոչարյանին, բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ կա տակտիկական զուգախաղ առաջին եւ երկրորդ նախագահների միջեւ`ընդդեմ Սերժ Սարգսյանի: Կարող եմ սխալվել, եթե իշխանությունը կիսելու խնդիրը շատ ավելի դոմինանտ լինի, եւ պայմանավորվածության գան, թե նրա վերադարձի դեպքում ով՝ ինչ չափաբաժնի իշխանություն կունենա»,-ասաց նա:
Նշենք, որ վերջին շրջանում շատ է խոսվում ՀՀ երկրորդ նախագահի վերադարձի մասին: Որոշ քաղաքագետներ եւ վերլուծաբաններ կարծում են, որ «հրաշալի քառյակը» հենց Քոչարյանի նախագիծն է, որի միջոցով էլ ցանկանում է նորից իշխանության գալ:





























