Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանում օրենսդրորեն լուծում չստացած հարցերից մեկն է, որի վերաբերյալ նախագիծ է պատրաստել ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Այս առթիվ կազմակերպության տարածած հաղորդագրությունում, ասվում է

«Դեռեւս 2004 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սկսել էր «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները եւ նախագծի մշակումը: 2007 թ. օրենքի նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով, սակայն այն հավանության չարժանացավ: Օրենքի նախագիծը մնաց անտեսված, մինչ 2010 թ., երբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագծի տարբերակը պետք է վերամշակեր եւ համապատասխանեցներ միջազգային չափանիշներին եւ Կարմիր խաչի տիպային օրինակներին: Պարբերական հանդիպումներից հետո օրենքի նախագիծը բերվեց վերջնական տեսքի ու համապատասխանեցվեց բոլոր անհրաժեշտ չափանիշներին, սակայն մինչ օրս չի ներկայացվել ՀՀ Ազգային ժողով:

Այս տարվա հուլիսին կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ տեղեկանալու համար ինչու նախագիծը չի հայտնվում ՀՀ Ազգային ժողովի օրակարգում: Արդարադատության նախարարությունը, որտեղ ըստ վերջին հարցումների գտնվում էր օրենքի նախագիծը, պատասխան գրությամբ հայտնել էր, որ «… նախագիծը չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրական պահանջներին …»: Այսպիսով, ՀՀ Արդարադատության նախարարությունը կարծես միտումնավոր կախվածության մեջ է թողնում իր իսկ կողմից վերջնական մշակման ենթարկված օրենսդրական նախագիծը, ստացվում է, որ ՀՀ ԱՆ-ն որեւէ հետաքրքրվածություն չունի «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման, կամ գոնե քննարկման հարցում:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ամեն տարի օգոստոսի 30-ին նշվող Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ տարբեր միջոցառումների միջոցով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անհայտ կորածների խնդիրը եւ կառավարության ու օրենսդիրի ուշադրությունը փորձում հրավիրել անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքների խնդիրների վրա:

Այս տարի էլ կազմակերպության կողմից, սեպտեմբերի 6-ին կազմակերպվել էր անհայտ կորած անձանց մասին պատմող ֆիլմի դիտում: Ֆիլմը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Երիտասարդները հանուն խաղաղության եւ մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծրագրի կամավորներ Աննա Շղայլեյհխնեղի եւ Լենա Փիբեղի կողմից:

Ֆիլմը կրում է «Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում» խորագիրը, եւ ներկայացնում է անհայտ կորած անձանց պատմություններ՝ նրանց հարազատների շուրթերից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորները օգոստոսի 30-ին՝ անհայտ կորած անձանց միջազգային օրը, ակցիա էին իրականացրել Վանաձորի փողոցներում, անցորդներին տեղեկացնելով անհայտ կորած անձանց խնդիրների մասին: Միջոցառման ժամանակ ցուցադրվեց նաեւ «Համերաշխության պատը», որը պատրաստվել էր աշխարհի տարբեր երկրներից ստացված լուսանկարներից: Լուսանկարներում տարբեր ազգություների անձինք՝ համերաշխություն հայտնելով, իրենց ձեռքերում պահում են «Ինքնություն տվեք անհայտ կորածներին» գրությունը՝ տարբեր լեզուներով: