Ռուսաստանի Տյումեն քաղաքում ապրիլի 21-ին սեփական բնակարանում դանակի 40 հարվածից սպանված 26-ամյա Նունե Սարգսյանի սպանության գործով նախաքննությունը դեռ շարունակվում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց սպանվածի ամուսինը՝ Արամ Ապրեսյանը:

Նրա խոսքով՝ նախաքննության ավարտի մասին դեռ վաղ է խոսելը, քանի որ կարեւոր փորձաքննությունների եզրակացությունները դեռ չկան: Բացի դրանից՝ տուժողի իրավահաջորդի փաստաբանները տարբեր միջնորդություններ են ներկայացնում, որն ավելի է ձգձգում քննության ավարտը:

Նշենք, որ Արամ Ապրեսյանն ու փաստաբանները սպասում են Նունե Սարգսյանի մատի եղունգի տակից վերցված փորձաքննության արդյունքներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ որ Տյումենում սարսափելի սպանություն է կատարվել: Պիցցայի առաքիչ 22-ամյա տյումենցի Զախար Կովրիգինը Նունեի պատվերն առաքելիս որոշել է տիրանալ աղջկա ունեցվածքին: Կովրիգինը դանակ է հանել եւ բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել, որ աղջիկը իրեն հանձնի ձեռքի տակ եղած ողջ գումարն ու արժեքավոր իրերը: Ստանալով պահանջվածը` ոսկե մատանիներ եւ գումար, չարագործը, մտավախությամբ, որ տուժողը տեղի ունեցածի մասին կհայտնի իրավապահ մարմիններին, նրան դանակի առնվազն 40 հարված է հասցրել: Հարուցվել է քրեական գործ: