Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը 2014թ. կշնորհվի Cisco կորպորացիայի զարգացման գծով տնօրեն Մարիո Մացցոլային: Այս մասին սեպտեմբերի 10 –ին լրագրողներին հայտնել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Մացցոլային մրցանակը կշնորհվի սեպտեմբերի 11-ին Երեւանում:
Cisco –ն ապագա տեղեկատվական կենտրոնների համար ցանցային եւ ինժեներական լուծումներ ստեղծող ընկերություններից է: Ուշագրավ է, որ Մացցոլան ոչ թե արժանի հանգստի գնացածներից է (ինչպես նախորդները), այլ՝ գործող կառավարիչ:
«Չնայած դրան՝ նա ժամանակ է գտել 3-4 օրով Հայաստան գալու, եւ սա շատ կարեւոր է մեզ համար», - հայտարարել է Մուսայելյանը:
Նա հիշեցրել է, որ 2010թ. այս մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բիլ Գեյթսը: «Պարզապես բանն այն էր, որ մրցանակը ստանալու համար նա պետք է Հայաստան ժամաներ: Գեյթսը շատ քաղաքավարի շնորհակալություն հայտնեց նման պատվի համար, բայց բացատրեց, որ գերզբաղվածության պատճառով չի կարող գալ Հայաստան: Առաջին դափնեկրի ընտրությունը
շատ կարեւոր էր, այն չափանիշ դարձավ հաջորդ դափնեկիրներին ընտրելիս: Եվ պարգեւը համաձայնեց ընդունել Քրեյթ Բարեթը՝ Intel-ի նախկին գլխավոր տնօրենը: Առանց չափազանցման՝ տեխնոլոգիաների աշխարհի եւս մեկ լեգենդար անհատ», - հայտարարել է Մուսայելյանը:
2011-ին ցանկանում էինք պարգեւատրել եւս մեկ լեգենդի՝ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսին. «Շատ վաղուց էինք ցանկանում, որ նա այցելի Հայաստան եւ հարմար առիթի էինք սպասում հրավիրելու համար: Ցավոք, նա կյանքից հեռացավ: Այդ ժամանակ որոշեցինք հրավիրել «Apple Computers»-ի համահիմնադիր մյուս Սթիվին՝ Սթիվ Վոզնյակին: Նրա այցը մեծ իրադարձություն էր Հայաստանի համար:
Ես անգամ իմացա, որ հարեւան երկրներից երիտասարդներ էին ժամանել Հայաստան՝ միայն նրան տեսնելու համար», - նշել է Մուսայելյանը:
Երրորդ դափնեկիր էր դարձել աշխարհում առաջին միկրոպրոցեսոր Intel 4004-ի «հայր» Ֆեդերիկո Ֆաջինը: Չորրոդը՝ 2013թ., Hitachi ընկերության նախկին տնօրեն Ցուգիո Մակիմոտոն:




























