Ըստ առողջապահության  նախարարության վիճակագրության՝ Հայաստանում 2013 թ. 98 ինքնասպանություն է կատարվել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Վիճակագրությամբ Հայաստանը մոտենում է իսլամական պետություններին եւ Կարիբյան ավազանի երկրներին, որտեղ համեմատաբար քիչ են ինքնասպանությունները, եւ հարյուրից ավելի պետություների մեջ զբաղեցնում է 93-րդ տեղը»,-ասաց նա։

Ահարոն Ադիբեկյանի խոսքով՝ ինքանսպանություն կատարողների 80 տոկոսը տղամարդիկ են, հիմնականում ծերեր, որոնք միայնակ են, չեն կարողանում իրենց կարիքները հոգալ, եւ նրանց համար կյանքից հեռանալը խնդրի լուծում է։

«Սխալ է կարծիքը, որ բարեկեցիկ ապրողները ինքնասպանություն չեն գործում։ Նման բան չկա, տնտեսական ճգնաժամի ընթացքում Եվրոպայում հարյուրավոր միլիոնատերեր ինքնասպանություն գործեցին, չնայած, որ իրենց երեխաները սոված չեն»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Ըստ սոցիոլոգի՝ երկրներում, որտեղ միջինից ցածր են եկամուտները, եւ մարդկանց պահանջմունքները այնքան էլ բարձր չեն, քիչ են ինքնասպան են լինում։

«Հայաստանում չկան ինքնասպանությունները կանխման մեխանիզմներ, ոչ ոք այդ մարդկանց հետ չի աշխատում»,-ասաց սոցիոլոգը։