«Beeline»-ը եւ «Մանկական զարգացման հիմնադրամը» մեկնարկել են «Գիտելիք հանուն բարեկեցության» ներառական կրթության զարգացման ծրագիրը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին կայացած համատեղ ասուլիսում հայտարարեցին «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։ «ԱրմենՏելը կրթությունը միշտ կարեւորել է։ Այս ծրագիրը, որն ուղղված է հատուկ կարիքներով երեխաների ուսումնական պայմանների ապահովմանը եւ ներառական կրթության որակի բարձրացմանը՝ առանցքային նշանակություն ունի նրանց մտավոր ներուժի զարգացման համար։ Այն կնպաստի, որ երեխաները հետագայում ինտեգրվեն հասարակությանը»,- ասաց Պյատախինը՝ ավելացնելով, որ ներառական կրթության զարգացմանն ուղղված ծրագրերը կանցկացվեն Երեւանի, Արարատի ու Կոտայքի մարզերի 6 կրթական հաստատություններում։
Ներառական կրթությամբ զբաղվող մասնագետները կանցնեն վերապատրաստում, մասնագիտական սենյակները կհամալրվեն անհրաժեշտ գույքով։
«ՄԱԿ-ի տվյալներով Հայաստանում հատուկ կարիքներով 8 հազար երեխա կա, ոչ պաշտոնական տվյալներով նրանց թիվը մոտ 12 հազար է։ Այս երեխաներ համապատասխան կրթության անհրաժեշտություն ունեն, որովհետեւ կրթությունը նպաստում է, որպեսզի նրանք ինտեգրվեն հասարակությանը, եւ հնարավորության դեպքում նաեւ ինչ-որ արհեստ սովորեն»,- նշեց «Մանկական զարգացման հիմնադրամի» տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Ըստ նրա՝ տվյալների համաձայն, հատուկ կարիքներով երեխաների խմբում աղքատության մակարդակը 54 տոկոս է։ «6 հազարից ավելի երեխաներ, որոնք հատուկ խնամքի անհրաժեշտություն ունեն, ապրում են աղքատ ընտանիքում։ Այսինքն՝ նրանք կրկնակի խոցելի վիճակում են»,- ասաց Սիմոնյանը՝ նկատելով, որ կան հատուկենտ ընկերությունները, որոնք աշխատանքի են ընդունում հատուկ կարիքներով մասնագետների, բայց ընդհանուր առմամբ նրանց զբաղվածության հարցը լուծված չէ։
Նշենք, որ «Beeline»-ը համագործակցում է «Մանկական զարգացման հիմնադրամի» հետ 2011 թ-ից։ Համագործակցության արդյունքն է հատուկ կարիքներով եւ հանրակրթական դպրոցներում սովորող երեխաներից բաղկացած «Մենք ենք» թատերախմբի ստեղծումը։





























