Նորագավիթում մշակովի հողատարածքներն աղբով են ծածկվում: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանվել է Նորագավիթ թաղամասի բնակիչ Էդգար Նազարյանը:
Իր նամակում Նորագավիթի բնակիչը գրում է. «Նորագավիթի գերազմաներին հարակից Արտաշատի խճուղու մի մեծ հողատարածք կամաց-կամաց դառնում Է աղբանոց: Ասածս չափազանցված չէ: Այդ տարածքը խճուղուց երեւում է եւ մոտ է նոր գերեզմաներին: Երբ անկախացանք, այդ հողատարացքը եւ հարակից հողատարածքները վարձակալական հիմունքերով տրվեց Նորագավիթի բնակչությանը՝ մշակելու համար: Աղբավայրի տարածքը հարթ վարելահողեր էին, որտեղ ցանում էին ցորեն եւ մշակում էին տարբեր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաներ: Մոտավորապես մի 10 տարի առաջ հողամասին հարակից՝ խճուղու կողքը, կամաց-կամաց տեղի բնակիչները եւ այլոք սկսեցին կենցաղային աղբ թափել: Մաքրասիրությունից զուրկ շատերը սկսեցին այդտեղ աղբ թափել եւ այդպիսով աղբը շատացավ: Շենգավիթի պատասխանատուն ասել էր, թե դա մեկի տարածքն է, եւ տարածքի տերը բերում, մաքրում, բայց նորից աղբ են թափում: Ես այդ մաքրածը այսքան ժամանակ չեմ տեսել: Մի 2 տարի առաջ էլ նրանց, ովքեր նմանատիպ հողեր ունեին, առաջարկեցին, որ վաճառեն իրենց հողերը՝ այդ տարածքներում ջերմոցային տնտեսություններ հիմնելու համար: Բայց ոչ մի ջերմոց էլ չստեղծեցին: Անտեր մնացած հողամասերն էլ կամաց-կամաց դառնում են աղբավայր: Այս տարի մարտ ամսին ես ահազանգեցի այս խնդրի վերաբերյալ: Քաղաքապետարանը փողոցին կից մոտ 10 մետր տարածության վրա տրակտորով հարթացրեց, եւ գրեցին, թե մաքրել ենք, որը բացահայտ սուտ էր: Հիմա արդեն օր օրի ավելանում է այդ մաքուր մշակովի հողատարածքների աղտոտումը: Համարյա շաբաթը մի քանի անգամ բեռնատարներով ով ասես, ինչ կարգի շինաղբ ասես բերում եւ լցնում է այդ մաքուր, անմշակ հողերի մեջ: Եվ արդեն այն աստիճանի են լկտիացել, որ աղբը թափելով բերել հասցրել են նոր գերեզմանների մոտ»:
Էդգար Նազարյանը առաջին անգամը չէ, որ ահազանգ է հնչեցնում տվյալ խնդրի վերաբերյալ, սակայն ցանկալի արձագանքը չկա:


Լուսանկարները` Էդգար Նազարյանի





























