Ինքնասպանություն կատարողների 80 տոկոսը մինչեւ ինքնասպանություն գործելը խոսում է այդ մասին։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 10-ին, ինքնասպանությունների կանխման միջազգային օրը, լրագրողներին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։

«Ինքնասպանություն գործող անձը մինչեւ ինքնասպանություն գործելը թեկուզ անուղղակի ձեւով խոսում է այդ մասին, եւ եթե իր հետ այդ պահին մեկը խոսի, անպայման հետ կկանգնի այդ մտքից, վիճակագրությամբ 70 տոկոսը հետ է կանգնում այդ մտքից»,-ասաց նա։

Սոցիոլոգի խոսքով՝ ինքնասպանության մասին գոյություն ունի 12 առասպել, ինչը իրականությանը չի համապատասխանում։

«Նախ այն, որ դրանք կատարվում են առանց զգուշացնելու, դա ճիշտ չէ, երկրորդը, որ ինքնասպանություն գործողները հոգեպես անկայուն են, սակայն դա նույնպես իրականությանը չի համապատասխանում։ Նաեւ ասում են, որ տոների ժամանակ է հիմնականում լինում, սակայն դա ճիշտ չէ, հիմնականում գարնանն է սրվում։ Ժառանգական փոխանցումն էլ հիմք չունի, սակայն եթե նման դեպք է տեղի ունեցել, չի դատապարտվել, ապա այն  նորմ է դարձել՝ այսինքն խնդիրը լուծելու ձեւ»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը։

Սոցիոլոգի խոսքով՝  ինքնասպանությունների մասին տարածված կարծիք է, որ այն գործելը հեշտ է ու անցավ, սակայն իրականում այն ցավոտ է. «Նաեւ ասում են՝ լավ մարդիկ ինքնասպան չեն լինում, դա նույնպես սխալ է։ Ասում են՝ քիչ են կախվում, հիմնականում կամրջից են նետվում, սակայն դրա պատճառն էլ այն է, որ տանը պարան չկա»։

Սոցիոլոգի կարծիքով՝ ինքնասպանությունը կենսաբանական, հոգեբանական, սոցիալական ցավը վերացնելու նպատակով է տեղի ունենում։

«Օրինակ, Ռուսաստանում 12 տարեկան տղան ինքնասպան է եղել, որովհետեւ մայրը 70 կատու է պահել եւ երեխան, չկարողանալով ապրել կատուների հետ, որոշել է ինքնասպան լինել»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը։