Ժամկետային զինծառայող, 22-ամյա Սամվել Հարությունյանի գործով ձերբակալված ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանին այսօր՝ սեպտեմբերի 11-ին մեղադրանք կառաջադրեն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝

նրա նկատմամբ խափանման միջոց կընտրվի երկամսյա կալանքը:

Վարդան Դավթյանի փաստաբան Արմեն Ադամյանի հետ զրույցում նա որեւէ մանրամասն չհրապարակեց տեղի ունեցածից՝ պատճառաբանելով նախաքննության շահերը: Փաստաբանը չգիտի իր պաշտպանյալին կկալանավորեն, թե ոչ: Իսկ հետագա քայլերի մասին խոսելու է մեղադրանքի առաջադրել, չառաջադրելուց հետո: Նա նշեց, որ իր պաշտպանյալին տեսել է ընդամենը մի քանի ժամով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ավտոհավաքակայանի շինության հետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային, 1992թ. Սամվել Սերգեյի Հարությունյանը։ Մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա՝ ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով/ ձերբակալվել է ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վրեժի Դավթյանը:  Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: