NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է լրագրող, հետազոտող Սիմոնե Ցոպելարոյի հոդվածը, որը հրապարակվել է «Osservatorio Balcani e Caucaso» կայքում:
«Վերջին տարիների ընթացքում փոքր քայլեր են ձեռնարկվել Անկարայի եւ Երեւանի հաշտեցման ուղղությամբ: Այնուամենայնիվ, ազդանշանները դեռ միանշանակ չեն, ցեղասպանության վերքը դեռ բաց է: Օգոստոս 10-ին Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանրապետության նախագահ ընտրվելը վերականգնեց Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ երկխոսությունը: Որոշ հարցեր դեռ բաց են. առաջին հերթին Հայոց ցեղասպանության հարցը, որի հարյուրամյակը կնշվի հաջորդ տարի: Չնայած այս սարսափելի ողբերգության աճող միջազգային ճանաչման՝ Թուրքիան շարունակում է ժխտել այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում:
Այժմ, եթե նույնիսկ որոշ ակնարկներ նշում են երկու երկրների միջեւ մերձեցման մասին, կան հակասական ազդանշաններ: Ռազմավարական տեսանկյունից՝ Երեւանում մտահոգություն են հայտնել օգոստոսի 19-ին Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման վերաբերյալ՝ իր տեսակի մեջ առաջին եռակողմ հանդիպումը:
Լավագույն ազդանշանները ստացվում են քաղաքական ոլորտներից. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 13 – ին շնորհավորական ուղերձ հղեց իր թուրք գործընկերոջը:Մյուս կողմից առաջին անգամ թուրքական կառավարությունը հրավիրեց մասնակցելու հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը: Եվ օգոստոսի 28-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Էրդողանի երդմնակալության արարողությանը: Ավելի պակաս խոստումնալից էր՝ առնվազն ըստ հայկական մամուլի արձագանքի, Մեվլութ Չավուշօղլու՝ նոր արտաքին գործերի նախարարի նշանակումը, որին շատերն անվանում են «հակահայկական»:
Քաղաքացիական հասարակության մակարդակում երկու երկրների դանդաղ մերձեցման համատեքստում ավելի նշանակալի ռեժիսոր Ֆաթիհ Ակինի նոր ֆիլմը: Խորհրդանշական իրադարձությունն առաջնային նշանակություն ունի. հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմն է, որը նկարահանել է թուրք ռեժիսորը:
Դժվար է կանխատեսել, թե ցեղասպանության հարցը կամ, առհասարակ, Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն առաջիկայում ինչպես կզարգանան: Այնուամենայնիվ, հարյուրամյակը մոտենում է, եւ հատկապես հաշվի առնելով այն, որ Աթաթուրքի ստեղծած պետությունը գլխավորում է այնպիսի անկանխատեսելի քաղաքական գործիչ, ինչպիսին էրդողանն է, հնարավոր է հաշտեցման քայլեր սպասել, որոնց սպասում են այդքան երկար ժամանակ»:





























