Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը պատասխանել է ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանին, ով հեգնանքով էր խոսել Ռուբեն գեւորգյանի կողմից ստեղծված Երդվյալ ազատամարտիկների միության մասին:
Պարոն Գեւորգյան, Մանվել Գրիգորյանը, խոսելով ձեր ստեղծած Երդվյալ ազատամարտիկների միության մասին, ասել էր, թե տենց կառույց գիտե՞ս` քանի հատ կա, ով ինչ կառույց կստեղծի, իր գործն է, ինքը կապ չունի: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:
Երդվյալ ազատամարտիկների միությունը գոյություն ունեցող բոլոր կառույցների մեջ միակն է եւ ինքնատիպը, նա համալրված է առաջին գծում կռված կամավոր տղերքով, եւ ոչ այնպիսի կառույց է, ուր հանգրվանել է ազգի ողջ էլիտան, իսկ իր ճանաչել -չճանաչելը, շատ քիչ է: Մեր միությունը ստեղծվել է ժամանակի պահանջով եւ ինչքան էլ իշխանությունները չցանկանան հաշտվել նրա գոյությանն ու հզորությանը, համենայնդեպս, այսօր ամենահզոր ռազմահայրենասիրական կառույցը երկրում դա Ե.Ա.Մ-ն է: Պարզապես մենք մեր ոտքով ենք քայլում, իսկ մյուսներին իշխանություններն են շալակած տանում:
ԵԿՄ ղեկավարը Ձեր համագումարին մասնակցելու մասին ասել է՝ «Հարսնիք էլ լինի, հրավիրեն, կմտածեմ՝ կեթամ, թե չէ: Եթե հարսնիք լինի՝ կարող է»: Կցանկանայի իմանալ նրան հրավիրելը http://news.am/arm/news/227493.html դեռ ուժի մեջ է:
Երդվյալ ազատամարտիկների համար օրը հարսանիքով չի բացվում ու մթնում: Նրանց հոգում նստած է սոցիալական ծանր մշուշը եւ իրենց կորցրած ընկերների ընտանիքների տարաբախտ վիճակը: Եթե մարդիկ սովոր են միայն հարսանիքի հրավերներ ստանալու կամ ցանկանում են միայն հարսանիքների հրավեր ստանալ, կարող եմ ասել ընկերոջս, որ ինքը մեր հրավերը չստացավ:
Պարոն Գեւորգյան, ասել էիք, թե ձեզ ոչ մի դահլիճ չտրամադրեցին համագումար անցկացնելու համար: Արդյոք այն կանցկացնեք Ազատության կամ Հանրապետության հրապարակներից մեկում, ինչպես եւ հայտարարել էիք:
Արդեն իսկ ԱԺ-ում իմ ելույթի մեջ ասել եմ՝ այո, անելու եմ համագումարը իմ մատնանշած վայրերից մեկում՝ ոտքի վրա, մեր կռված ախպերները ոտքի վրա կանգնելուց չեն նեղվի, իսկ եթե հրավիրյալները կզլանան գալ մեր համագումարին՝ պատճառաբանելով աթոռներ չլինելու փաստը, տեղեկացնում ենք, որ նման աթոռի սիրահարների համար հաստատ մի քանի իշաոտնուկներ կբերենք: Խոսքս չի վերաբերում ԱԺ-ում հայտարարությանս մեջ նշած բարձրաստիճան հրավիրյալներին:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը





























