Հայաստանում չկա ինքնասպանության փորձ կատարող անձանց հետ աշխատող մասնագետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը:

«Աղանդների ակտիվացումը, երկրաշարժը, մարդկանց սոցիալական ծանր վիճակը ավելացրեցին ինքնասպանությունների թիվը։ Ցավոք սրտի, այսօր չունենք մասնագետ, որը պետք է ինքնասպանություն կատարողի հետ խոսի, որպեսզի վերջինս մտափոխվի»,-ասաց նա:

Ամարյանի խոսքով՝ ցանկացած ինքնասպանության փորձ կրկնվելու միտում ունի, եւ եթե համապատասխան աշխատանքներ չեն տարվում, ապա այն անպայման կրկնվում է:

 «Մեզ մոտ փորձեցին թեժ գիծ բացել, սակայն չաշխատեց, որովհետեւ ոչ ոք չի հավատում, որ ինչ-որ անծանոթ մարդ կարող է իրեն օգնել»,- ավելացրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Ամարյանը նշեց, որ նման մասնագետների կարիքը առաջին հերթին ուժային կառույցներում՝ոստիկանությունում, բանակում, ուղղակի անհրաժեշտություն են։

Ալեքսանդր Ամարյանը բացթողում համարեց այն, որ աղանդների քայքայիչ ազդեցության հետեւանքով ինքնասպանությունները ոստիկանությունը որակում է որպես կենցաղային պատճառներով ինքնասպանություն։

«2010թ. խարիզմատիկ եկեղեցու հետեւորդ 12-ամյա աղջիկը երբ որ կախվեց, փորձաքնություն արվեց, եւ ոստիկանությունը ասաց՝ կենցաղային պատճառներով է, սակայն այդ աղջկա սենյակի պատերի գույնը խունացած էր, հագուստի մեջ մի հատ բաց երանգ չկար, սենյակում էլ միայն կրոնական գրականություն կար, այսինքն էդ աղանդը քայքայել էր էդ երեխու հոգեկան աշխարհը»,-ասաց Ամարյանը:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ պետության կողմից աղանդները չվերահսկելը կործանարար հետեւանքներ կարող է ունենալ. «Հնարավոր է, որ մի օր մեզ մոտ մասսայական ինքնասպանություններ լինեն, եթե պետությունը չվերահսկի աղանդների գործունեությունը»։