Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետ, Չեխիայի նահանգապետների ասոցիացիայի նախագահ Յոզեֆ Նովոտնիին եւ նշել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանի եւ Չեխիայի համագործակցությունը տարբեր մակարդակներում հաջողությամբ զարգանում է: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջեւ համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առեւտրատնտեսական կապերի աշխուժացմանը եւ միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը: Մասնավորապես, վարչապետը կարեւորել է Վայոց ձորի մարզի եւ Կարլովի Վարի երկրամասի միջեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես, ապակեգործության, զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Յոզեֆ Նովոտնին, շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար, ընդգծել է, որ Չեխիայի նահանգապետները եւս կարեւորում են Հայաստանի մարզերի հետ կապերի սերտացումը: Այնուհետեւ զրուցակիցը մանրամասներ է ներկայացրել առաջիկայում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ: Երկուստեք կարեւորվել է գործարար ֆորումի անցկացումը, որը կնպաստի կողմերի միջեւ բիզնես ծրագրերի իրականացմանը եւ նոր ներդրումների ներգրավմանը:

Զրուցակիցները վստահություն են հայտնել նաեւ, որ Երեւանում անցկացվող հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը երկկողմ հարաբերությունների խորացման եւ ընդլայնման ամուր հիմք կհանդիսանա:

Կարլովի Վարի երկրամասի նահանգապետն առաջարկել է Չեխիայում եւ Հայաստանում կազմակերպել ցուցահանդեսներ՝ ներկայացնելով երկու երկրների պատմությունն ու մշակույթը:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը խնդրել է Չեխիայի վարչապետին փոխանցել Հայաստան այցելելու հրավերը եւ ընդգծել, որ նմանատիպ փոխայցելությունները կնպաստեն հայ-չեխական կապերի ընդլայնմանն ու խորացմանը: